вторник, 20 декабря 2011 г.

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ



Դեկտեմբերի 21-ը ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ վախճանի օրն է: Ներկայացնում ենք հայ մեծ զորավարի, մտածողի, քաղաքական գործչի ասույթներից:


* Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:



* Ազգային ոգի – ահա գերագույն հերոսը:



* Իր ժողովրդի հոգեկան հզորության արտահայտիչն է հերոսը, բայց ոչ և չափը:



* Խոսքդ պիտի լինի համակ լույս և ճշմարտություն – կայծակ, որը զարկելուց առաջ լուսավորում է առարկաները:



* Երբեմն ժամն աշխատում է և վատերի համար, իսկ ժամանակը միշտ էլ և բացառաբար՝ արժանավորի:



* Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա – մտածել այլոց ցավերի մասին:



* Զինաթափված ամեն մի կիրք մի նոր զինակից է:



* Մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը:



* Մարդկությունը տառապանքին կը պարտի իր հոգևոր ողջ մշակույթը:



* Ներքին թշնամիներիդ՝ հոռի կրքերիդ հաղթել կարող ես այսօր, հենց այսօր. թողեցի՞ր վաղվան՝ կասկածելի է դառնում հաղթանակդ:



* Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:



* Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:



* Արևն արտացոլվում է և՛ ծովի, և՛ նրա աննշան մի կաթիլի մեջ: Իսկ ճշմարտությունը՝ հոգևոր աշխարհի արևը՝ մարդու և՛ մեծ, և՛ չնչին գործերում:



* Մեր գործերում կա այնքան բարություն միայն, որքան ճշմարտություն կա մեր խոսքի մեջ:



* Երիցս նահատակ է նա, ով մենակ է կրում ճշմարտության բեռը:



* Միայն կամավոր նահատակն է բացարձակ ազատություն վայելում:

Комментариев нет:

Отправить комментарий