четверг, 27 декабря 2012 г.

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ



Երևանի պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող եմ: Բարդ առարկաներ ենք անցնում: Բարդ էլ ապրում եմ: Իմ գոյատևման փողը ես եմ աշխատում` գիշերով լինի, թե ցերեկով: Կիրակի օր էր: Եկա գյուղ: Հիշում էի` մի տեղ դեռ մանկուց մի վայրկյան էի տեսել արտի մեջ: Նույնիսկ հիշում էի, թե որ թփի տակ: Ամեն տարի էլ այդ թփերը ծաղկում էին մեր արտում: Մենք խոտից բարձր ամեն ինչին թուփ էինք ասում: Գնացի` թփի տակ էր: Վերցրի. պուճուր-մուճուր, կլոր փայլուն ուլունքի պես բան էր, արևը մեջը ցողի հատիկ: Երբեք մտքովս չէր անցնի, որ կուզենամ երբևէ ձեռք տալ դրան: Բերեցի տուն, դրեցի զնդանի վրա. հայրս դարբին էր, ու մենք սալին զնդան էինք ասում: Սալը տափակ մի բան էր` քարի, երկաթի, իսկ զնդանը ձևավոր, հսկա, ծանրածանր ամուր ու անշարժ մի հենարան էր, որի վրա հայրս ծեծում ու ձև էր տալիս շիկացած մետաղին:
Մի խոսքով, վայրկյանը դրեցի զնդանին ու հորս մուրճով թափով իջա վրան:
Զրը՜նգ: Ականջներիս մեջ զրնգաց, աչքերի՞ցս կայծեր թռան, թե՞ վայրկյանը պայթեց: 
Աշխարհնե՜ր, աշխարհներ թռան աջ ու ձախ:
Խոտերն ու ծաղիկները քամուց կպան գետնին, քարերն ամուր բռնել էին հողից, մի քանիսը գլորվեցին, սարերը հեռացան, Սևանը թռավ երկինք, մնացինք ես ու զնդանը: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ. ոչ ուրը կա, ոչ` ինչը: Անցան տարիներ: Հանկարծ ամեն ինչ նորից տեղն ընկավ: Ոչ ոք չնկատեց այն, ինչ տեսել էի ես: 
Հայրս ջղայնացավ` դատարկ զնդանին մուրճով չեն խփի: Մայրս ասաց` քո կարոտն ա առնում:
Անցավ իմ կյանքի մի վայրկյանը, կորցրի, գնաց:
Իսկ ընդհանրապես, վայրկյանները չենք զգում, եթե, ասենք, ատամնաբույժի մոտ չենք, իշխանավորի տհաճ ներկայության մեջ չենք: Րոպեն զգում ենք, ժամը, օրը: Երբեմն ամիսն էլ չենք զգում: Աչքդ փակում բացում ես, մեկ էլ տեսար տարին անցավ, դարն անցավ, հազարամյակն անցավ:
Հիմա գալիս է 2013-ը: Թող բարով գա: Հուսանք` պարկի մեջ միմիայն սեր է բերելու, ինչի պակասը շատ ունենք: Թեև պարկի միջի սե՛րն ինչ պիտի լինի: Ստվերոտ տեղում աճած բույսի նման դալուկ են դարձել մեր հոգիները. արևի ու սիրո պակաս կա:
Բեր, Նոր տարի, էն իմ փշրած վայրկյանի մեջ, հիշում եմ, անսահման էր սերը, մի պտղունց սեր բեր, բոլորիս հերիք կանի:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий