четверг, 13 июня 2013 г.

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք…



...որ ժամանակակից օլիմպիական խաղերի հայ առաջին մեդալակիրն ապրել է մոտ 105 տարի:

ՀԱՅԿ ՀԱՐՐԻ ՓՐԻՍՏԸ ծնվել է 1896 թ. նոյեմբերի 23-ին, Ֆրեզնոյում` հայ գաղթականների ընտանիքում: Նրա իսկական ազգանունը Քեշիշյան է: 1920 թ. Անտվերպենում կայացած օլիմպիական խաղերին նա մասնակցել է ԱՄՆ-ի հավաքականի կազմում և ջրացատկի մրցումներում (10 մ աշտարակացատկ) արժանացել բրոնզե մեդալի: Նրա անունը կապված է մի զվարճալի պատմության հետ:
Անհայտ հանգամանքներում օլիմպիական մարզադաշտից անհետանում է նշված խաղերի գլխավոր դրոշը, որն այդպես էլ չեն գտնում: 1997 թվականին, այսինքն` դրանից 77 տարի անց, ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեի կազմակերպած ճաշկերույթից հետո, լրագրողները 1920 թ. օլիմպիադային մասնակցած և ողջ մնացած միակ մասնակցին հիշեցնում են անհետացած դրոշի մասին և նշում, որ ՄՕԿ-ն այդպես էլ չգտավ այն: «Այդ հարցում ես ձեզ կարող եմ օգնել,– ասում է Փրիստը,– դրոշն իմ ճամպրուկում է»: Պարզվում է, որ խաղերի վերջում թիմակից Դյուկ Կահանամոկուի դրդմամբ նա բարձրանում է ձողի վրա և գողանում օլիմպիական դրոշը: 77 տարի այն պահվել է նրա ճամպրուկում:
Ի վերջո, դրոշը վերադարձվեց ՄՕԿ-ին: 2000 թ. օլիմպիական խաղերի օրերին, Սիդնեյում կայացած հատուկ արարողության ժամանակ, արդեն 103 տարեկան Փրիստը դրոշը հանձնեց կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչին: Վերջինս էլ հայ մարզիկին նվիրեց օլիմպիական հուշամեդալ:
Անտվերպենի օլիմպիական դրոշն այժմ ցուցադրվում է շվեյցարական Լոզանում գտնվող օլիմպիական թանգարանում:
Հայկ Հարրի Փրիստը վախճանվել է 2001 թ. ապրիլի 19-ին: Երեք հարյուրամյակներում ապրած երկարակյաց հայ մարզիկն այդ պահին աշխարհի օլիմպիական ամենատարեց մրցանակակիրն էր:
Ա. Թ.

Комментариев нет:

Отправить комментарий