среда, 20 сентября 2017 г.

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ

1967 թվականին Ուջան գյուղում տեղադրվել է զորավար Անդրանիկի արձանը: Բացման արարողության ժամանակ խոսքով հանդես է եկել այն ժամանակ ուսանող, այսօր անվանի գրող Թորոս Թորանեանը։ Ձեզ ենք ներկայացնում նրա հուշերն այդ իրադարձության մասին:


1963-1970 մենք ընտանյոք Հայաստան կը գտնվեինք: Ես և տիկինս՝ Արմինեն, որպես սփյուռքահայ ուսանողներ, իսկ մեր երկու զավակները աշակերտներ՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում:
1967 թվականի հունիսի 4-ի առավոտյան Արմինես ըսավ ինձի.
– Ճանս, հյուրեր պիտի ունենանք, տան մեջ խմիչք ունինք, միրգ ու միս կըպակսին, մի ալարեր, ծածկած շուկա գնա ու պետք եղածը բեր:
Օրը արևոտ էր: Պողոտային ծառերը լույսի խաղեր կը թափեին մայթի երկայնքին: Ախորժակով կը քալեի:
Նույն  մայթին վրա երկու երիտասարդ բարձր ձայնով զրույց կունենային.
– Արա,– կըսեր մեկը,– լսած կա՞ս: Էսօր Ուջանում Անդրանիկ փաշի արձանի բացումն ա, ուզո՞ւմ ես վեր կենանք երթանք Ուջան:
Մյուսը թե`
– Արա, գնալը գնանք, բայց ո՞նց:
Անդրանիկապաշտս այս խոսքերը լսելով մոտեցա իրենց ու ըսի.
– Երիտասարդներ, ձեր խոսածը լսեցի, Ուջան որ կըսեք, ո՞ւր է:
Անոնցմե խոսքը բացողը ըսավ.
– Երևի ախպար եք, չգիտե՞ք Ուջանը ուր ա:
– Երիտասարդ, ախպար չեմ, ախպարացու եմ, այսինքն՝ հայ ուսանող եմ: Անդրանիկը շատ սիրելուս կուզեմ միանալ ձեզի, կարելի՞ է:
– Կարելի է, ախպեր ջան:
Մինչ տեղի կունենար այս խոսակցությունը, պողոտայի մայթի եզրին բեռնակառք մը կանգնած, երկու վարորդ կզրուցեին:
Երիտասարդներն առաջինը մոտենալով վարորդին, հարց տվան.
– Ախպեր ջան, ոնց որ քշելու եք կռուզավիկը:
– Այո, ձեզ ո՞ւր է պետք:
– Մենք Ուջան ենք գնալու, էսօր Անդրանիկի արձանն են բացելու:
Վարորդը թե`
– Ցատկեք դամբքին, ես մեկնում եմ Աշտարակ:
Երեքով ցատկեցինք:
Երբ հասանք Աշտարակ, վարորդը ձայնեց.
– Երեխեք, իմ գործն էստեղ ա, ձեր գլխի ճարը նայեք:
Ուրիշ բեռնակառքով փոշեկուլությամբ հասանք Ուջան:
Հսկա բազմություն մը հավաքված տեսանք: Մայրաքաղաքը լուռ էր, ոչ մեկ թերթ հայտարարությամբ մը հանդես եկած չէր, թե հունիսի 4-ին Ուջանի մեջ Անդրանիկի…
Բայց հազարներ ներկա էին արդեն: Անդրանիկի անդրին ծածկված էր հսկա սպիտակ լաթով մը, մեկքանի սասունցիներ, որոնք ժամանակին եղած էին զորավարի զինվորներ, այժմ կորաքամակ, պատվո պահակ կեցած էին:
Բեմին վրայեն երիտասարդ մը սկսավ հայտարարել… Մինչ այդ սպիտակ սավանը ծափահարություններու տակ վար առնվեցավ, նախկին ֆիդայիները իրենց զորավարին առջև պատվո բարևի կեցան, հիշել տալով ինձի, թե Փարիզի Փեր Լաշեզ գերեզմանատան մեջ ինչպե՜ս մարշալ Բաղրամյանը պատվի կեցած էր հոն ննջող ձիավոր Անդրանիկի արձանին առջև:
Երիտասարդին անունը բերնե բերան կանցներ՝ Հարություն Հարությունյան: Ան, բարձրախոսեն.
– Ձայնը տրվում է…– գրողի մը անունը… պաուզա…
Հարությունյանը.
– Ժողովրդի բուռն փափաքին վրա ձայնը տրվում  է…– լռություն:
Ժողովուրդը անհամբեր խոսողի մը կսպասեր:
Նշմարեցի, որ երիտասարդ մը Հարությունյանին մոտենալով անոր ականջին փսփսաց: Ոչ ոք ոչինչ չլսեց: Բայց լսվածը այս էր.
– Ժողովրդի բուռն փափաքին վրա ձայնը տրվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սփյուռքահայ ուսանող Թորոս Թորանեանին:
Ի՜նչ անակնկալ, անունս էր: Երբ կպատրաստվեի բարձրանալ, մեկը ուսիս զարկավ, թե` ընկեր, դուք օտար եք, իրավունք չունեք մեր երկրում խոսք առնելու: Ըմբոստ  ձիու կերպարանք մը առնելով, այդ չընկերին ըսի.
– Դուք կերևի չեկիստ եք, հանեցեք ձեր տետրակը և բառ առ բառ արձանագրեցեք ըսելիքներս և այս գիշեր իսկ ներկայացուցեք:
Մարդն աներևութացավ: Ցատկեցի բեմ` ձիուն փրփուրները բերնիս.
– Սիրելի հայրենակիցներ,– (զարմանալի զուգադիպություն) ձեռքս երկարեցի գրպանս ու հանեցի նկար մը, ես Փարիզի Փեր Լաշեզ գերեզմանատան մեջ զորավար Անդրանիկ ձիավորին առջև լուսանկարված:
Բարձր բռնեցի ափաչափ լուսանկարը և Անդրանիկին նայելով բացականչեցի.
– Նայեցեք այս նկարին, հոն, օտարության մեջ (նկարը նետեցի բազմության, որ անվերադարձ մնաց) շվարած է թե՛ ձին, թե՛ Զորավար Անդրանիկը: Բայց հայկական հողին վրա ըլլալով, իր սրատես աչքերը Արևմտյան Հայաստանին ուղղած, կը ասե. «Այդ հողերը մե՛րն են, մե՛րը պիտի ըլլան, մե՛րը պիտի մնան, այսօր ալ մերն են»:
Խելահեղ ծափահարություններ ծայր առին:
– Սիրելի հայրենակիցներ, ես որպես սփյուռքահայ ուսանող, ամառնային արձակուրդներուն, շնորհիվ Սովետական Հայաստանին, ոչ մեկ կապիտալիստ չըսեր ինձի` ինչո՞ւ կը գովիք Սովետական Հայաստանը:
Կըսեի անոնց` Սովետական է, բայց ուշադի՛ր Հայաստան: Ուրեմն, երբ գովքը կը հյուսեմ մեր հայության պաշտելի Զորավարին, չեմ կարծե, որ վաղը կենտկոմը զիս պիտի հարցազրույցի կանչե:
Օտարը Անդրանիկին արձանը կանգնած է: Ինչո՞ւ մենք չկանգնեցնինք Անդրանիկին արձանը:
Հայրենակիցներ, ըսելիքս չեմ ավարտած:
Օր մը ետև կգտնվեի Պուլղարիա, Սթանքե Տիմիթրոֆ քաղաքին մեջ: Ի զարմանս բոլորիս, հեռվեն տեսա Զորավար Անդրանիկի արձանը՝ փափախը գլխին, մաուզերը ձեռքին, խանչալը մեջքին: Վազեցի, վազեցի… ու  հանկարծ, գրություն մը արձանին տակ. «Կոցե Տելչև»: Քովես անցավ պահապանը, հարց տվի անոր. «Ընկեր, ո՞վ է այս Կոցե Տելչևը»:
– Բարեկամ,– ըսավ մարդը,– Կոցե Տելչևը մեր ազգի հակաթուրքական պայքարի առաջնորդներեն մեկն է:
Հայրենակիցներ, այս բեմեն հարց կուտամ ձեզի, եթե նոր սոցիալիստական Պուլկարիան իր հակաթուրքական պայքարի մեծ հերոսին արձանը կը կանգնե մեծ քաղաքի մը մեջ, մենք ինչո՞ւ մեր մեծագույն զորավար Անդրանիկի արձանը չկանգնենք Երևանի մեջ, քանի մենք սոցիալիստական եղած ենք Պուլկարիայեն շատ առաջ:
Ծափահարություններ:
Զորավարի զինվորները բացման արարողության ժամանակ
Բեմեն վար իջա, մէ մըն ալ ինչ տեսնեմ՝ մեր սիրելի գրողներեն Գալշոյանի ուսերուն վրա եմ: Մուշեղ, Ձորի Միրո, հիմա ողջ ըլլայիր, ու ես քեզ ուսերուս վրա բարձրացնեի:
Բայց այն ատեն խնդրեցի Մուշեղես վերջին խոսք մը ասել ու ըսի.
– Ժողովուրդ, եթե հիմա Զորավարը ձեզի ըսե. «Շարքի՛, պատրա՛ստ, հառա՛ջ: Կարսի եղածին պես կը փախչի՞ք, թե՞ հարձակումի պատրաստ կըլլաք, ինչպես Սարդարապատին մեջ և ոչ թե Կարսի. տեղ մը պարտություն, տեղ մը հաղթանակ»: Որո՞ւն համաձայն եք:
«Հաղթանակի՛ն, հաղթանակի՛ն»,– պոռացին:
Գիշերը լուսացրինք Ուջանի մեջ: Տունե տուն: Այդ օրը հասցեատուն ունեցա հայրենի հողին վրա:
Հաջորդ օրը` հունիսի 5, ժամը 8-ին հասա տուն: Հյուրերս չէին եկած: Արմինես, հիրավի, քիթը ծռած էր: Իր խոսքը՝ մեծնալով խենթանալ սկսած ես:
– Անդրանիկի արձանին բացումն էր:
– Վրա՞ս կը խնդաս:
– Ոչ, սիրահարիս ծոցին էի:
– Քեզ գիտեմ, քաջ գիտեմ: Դու սիրուհի պահող չես:
– Արմիկ ջան, դուն սիրածս ես, բայց Անդրանիկը` պաշտելիս: Ելիր, ելիր, այսօրվան դասերը ժամը 9-ին պիտի սկսին, միասին երթանք շուկա, ժամանակ կա:
Կնոջս ծուռ քիթով ճամբա ելանք:
Հազիվ առաջացած էինք քսան քայլ, մեր դիմացը ելավ մարդ մը.
– Արա, երեկ Ուջանի մեջ դուք չէի՞ք խոսողը, շատ ապրիք…
– Արմիկ ջան, այս մարդուն ե՞ս սորվեցրած էի:
Արմիկիս քիթը քիչ մը շտկվեցավ:
Տասը քայլ մըն ալ, ուրիշ մը.
– Արա, երեկ Ուջան խոսողը դուն չէի՞ր, ախպեր ջան, ապրես:
Քացինք շուկա, կատարեցինք մեր գնումները:
– Ի՞նչ ենք վճարելու:
– Այ մարդ, բան ասացիր, երեկվան խոսողեն փո՞ղ կառնեն, թե՞ շուլուխ եք անում:
Արմինես խնդալ սկսավ: Առանց բժիշկների դիմելու քիթը ուղղված էր:
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ
Երևան, 2017 թ.

Հ. Գ. Զորավար Անդրանիկի արձանի բացումի օրը հայտարարությունները կենսագործող Հարություն Հարությունյանը հետո ճառախոս չմնաց: Դարձավ բժիշկ ու բժշկական գիրք գրեց, մնալով ինձի պես Անդրանիկապաշտ:
Թորոս Թորանեանը Անդրանիկի արձանի մոտ, 
2017 թ., հունիսի 4

«9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ». 2017 թ. հունիսի 4-ին Ուջանում կայացավ արձանի տեղադրման 50-ամյակին նվիրված միջոցառում, որին ևս մասնակցեց Թորոս Թորանյանը: Նա կրկին ելույթ է ունեցել` ամենայն մանրամասներով վերհիշելով հիսնամյա վաղեմության իրադարձությունները:

Комментариев нет:

Отправить комментарий