ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ








ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ 


Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:

ՍԽԱԼ է. «Բանն արդյունքների մեջ չեն, այլ նրանում, որ...»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ լրագրողի լեզվազգացողությունն այնքան ցածր է եղել, որ նա, տեսնելով «արդյունքներ» հոգնակի ձևը, օժանդակ բայն էլ դարձրել է հոգնակի՝ «չեն»: Նա այդպես էլ չի նկատել, որ այստեղ ենթական «արդյունքներ»-ը չէ, այլ՝ «բան»-ը, որը դրված է եզակի թվով, և ուրեմն պետք է գրեր գոնե՝ «բանն արդյունքների մեջ չէ, այլ…»: Բայց սա էլ ռուսաբանություն է: Ռուսերեն ասում են՝ «дело не в том, что...», իսկ հայերեն պետք է ասվի՝ «բանն այն չէ, որ…»: Ուրեմն այստեղ պետք է թարգմանվեր՝ «Բանն արդյունքները չեն, այլ…» (այստեղ «արդյունքներ» բառն արդեն ենթակա է):
ՍԽԱԼ է. «Ֆուտբոլիստներից մեկը թե՛ հանդիսատեսի և թե՛ հակառակորդի համար մուգ ձի էր»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Իհարկե, եթե այդ  ֆուտբոլիստը լսեր կամ կարդար, որ իրեն ձիու հետ են համեմատում, խիստ կնեղանար: Բայց նա չի լսել, և նրա փոխարեն մենք ենք նեղանում այսպիսի անճարակ, անհեթեթ աղավաղման համար: Խոսքը ռուսերեն «тeмная лошадка» դարձվածի մասին է, որը նշանակում է անհայտ մեկը, մեկին, որին չեն ճանաչում, չգիտեն` հույսերը կարդարացնի՞, թե՞ ոչ:
ՍԽԱԼ է. «Այդ հարցին տված պատասխանները խիստ բազմազան են»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ «տված» բառի կիրառումը ճիշտ կլիներ, եթե նշված լիներ, թե՝ ում տված (ասենք՝ «Այդ հարցին մասնակիցների տված պատասխանները…»): Բայց քանի որ դա չկա, ուրեմն «տված»-ի փոխարեն պետք է լիներ «տրված»:
ՍԽԱԼ է«Ամսեվարձը կարժենա երկու հազար դրամ»:

ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ«Ամսեվարձ» բառը կազմվել է ոչ կանոնական «ամսեկան» ձևի նմանողությամբԹե՛ առաջինումթե՛ երկրորդում «ե» ձայնավորի փոխարեն պետք է ունենանք «ա»՝ «ամսավարձ», «ամսական»: Այնուհետևարժենալ կարող են ապրանքներըծառայությունները և այլնիսկ ամսավարձը կարող է լինելՈւրեմն անհրաժեշտ էր ասել. «Ամսավարձը կլինի երկու հազար դրամ»:

ՍԽԱԼ է. «Անվստահության և կասկածամտության դարաշրջանի ավարտի մասին խոսելը դեռ վաղաժամկետ է»:


ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ոչ թե «վաղաժամկետ», այլ «վաղաժամ», «վաղ»:

ՍԽԱԼ է. «Մարդիկ հևիհևտարածություններ քայլելով....»:

ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Տարածությունը չեն քայլումայլ քայլելով անցնում ենկտրում են:

ՍԽԱԼ է. «Նախկին բոլոր միջնորդությունները ձախողվեցին հենց այդ պատճառով»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Նախկին»-ից գերադասելի է «նախորդ»-ը:

ՍԽԱԼ է. «Աշխատում ենք մեր ուշադրությունը սևեռել զոհվածների ընտանիքներինՆրանցից շատերը բազմազավակ ընտանիքների տեր են»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Զոհվածների մասին պետք է ասվեր «տեր էին», ոչ թե «տեր են»: Իսկ ավելի լավ կլիներ ասել. «Դրանցից շատերը բազմազավակ ընտանիքներ են»:

ՍԽԱԼ է. «Հարցն այնքան էլ նրբանկատ չէ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Նրբանկատփափկանկատ լինում է մարդըիսկ հարցը լինում է նուրբնրբինփափուկ:

ՍԽԱԼ է. «Հաջողություն մաղթենք նախարարության նոր պաշտոնյային ի շահ բոլորիս և ի շահ ինքն իրեն»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Էլ ինչո՞ւ «ինքն իրեն», «իրեն»-ը քի՞չ էԵվ պետք չէ շահ տեսնել հաջողություն մաղթելու մեջ:

ՍԽԱԼ է. «Որպեսզի հետևել ճշմարիտ իսլամի դասին»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Կոպիտ ռուսաբանություն էՊետք է լիներասենք, «հետևելու համար»:

ՍԽԱԼ է. «Ժողովը որոշեց զարգացնել միության գործընթացը»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Միությունն այնպիսի մի բան չէոր գործընթաց ունենամիավորումը կարող է ունենալ:




ՍԽԱԼ է. «Հեղինակին քչերը գիտեն որպես բանաստեղծ»։ 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ըստ շարադրանքի՝ բանաստեղծը քչեր-ն են, այնինչ խոսքը բանաստեղծի մասին է, ուստի պետք է գրվեր՝ որպես բանաստեղծի։ Նույն կերպ «Իսկ շատերը նրան ճանաչում են որպես Մարտունու շրջանի Մադինա գյուղի բնակիչ» նախադասության մեջ պետք է լիներ՝ որպես բնակչի։



ՍԽԱԼ է.  «Մեր թերթի մարտի 14-ի համարում տպագրված հոդվածում թույլ է տրվել անճշտություն»։ 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Կասկածից վեր է, որ ո՛չ խմբագիրը, ո՛չ էլ խմբագրության այլ աշխատակից թույլ չի տվել, որ անճշտություն կամ սխալ հայտնվի թերթում։ Պետք էր գրել պարզապես. «...հոդվածում տեղ է գտել անճշտություն»։



ՍԽԱԼ է.  «...Խոսք է գնում 188 տնտեսությունների մասին...», «Այս մասին բավականին լուրջ խոսակցություն գնաց...»։  
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Խոսք է գնում տնտեսությունների մասին կամ խոսակցություն գնաց օտարաբանությունների փոխարեն հայն ասում է՝ խոսքը տնտեսությունների մասին է, լուրջ խոսակցություն եղավ։ Բացի այդ, այստեղ գերադասելի է բավական-ը, որը գործածվում է ածականաբար, իսկ բավականին-ը գործածվում է մակբայաբար՝ բայերի հետ (օր.՝ խոսակցությունը բավականին լուրջ է



ՍԽԱԼ է. «1999 թ. աշխատում է….», «196569 թթ սովորել է….»:


ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  Հիշեցնենք, որ «թվական» բառաձևի համառոտագրությունն է «թ.», այսինքն՝ «թ» տառը մեկ կետով, իսկ «թվականներ» բառաձևի համառոտագրությունը՝ «թթ.», այսինքն՝ երկու «թ», բայց նույնպես մեկ կետով: Սովորաբար «թ.» (համապատասխան ձևով էլ «թթ.») համառոտագրությունը ներկայացնում է «թվական», «թվականը», «թվականին» բառաձևերը: Նախադասության մտքից հեշտությամբ պարզվում է, թե որ դեպքում որ հոլովների վերջավորությունները պարզության համար պետք է նշվեն: Օրինակ՝ «1995 թվականից նա աշխատել է ուրիշ հիմնարկներում» նախադասության մեջ համառոտագրության դեպքում պետք է գրվի «թ.-ից» և ոչ թե «թ.», որը կկարդացվի «թվականին», և կփոխվի նախադասության միտքը:

ՍԽԱԼ է. «Այս գործում կարող եմ մեծապես օգուտ տամայնպես որ խընդրում եմ թույլ տաք գնամ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Տարածված սխալ է. դիմավոր բայի հետ պետք է գործածել -ել-ալ-ով վերջացող անորոշ դերբայ: Ճիշտը կլինի՝ «կարող եմ օգուտ տալ, խնդրում եմ թույլ տալ»:

ՍԽԱԼ է. «Տարեկետման իրավունք ունեցող սպաների ցանկը»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Սխալի հիմքում «տարկետում» բառի սխալ մեկնաբանությունն էԱյստեղ մենք գործ չունենք «տարի» բառի հետ: «Տարկետում»-ը բաղկացած է երկու բաղադրիչից՝ «տար», այսինքն՝ տարբերությունզանազանությունև «կետ»: Տարկետելուրեմնմի կետիցժամանակից տանելփոխադրել մեկ այլ կետայլ ժամանակ:

ՍԽԱԼ  Է. «Միացյալ Նահանգների որոշումը անհանգստություն է առաջացրել Անկարայի և մասնավորաբար Բաքվի մոտ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Նախ՝ ինչու՞ «Անկարայի ու Բաքվի մոտ», փոխանակ՝ «Անկարայում ու Բաքվում»: Երկրորդ՝ անտեղի է գործածված «մասնավորաբար»-ըորը նույնն է նշանակումինչ որ «մասնավորապես»-ըՊետք է մի պնդում արվի որևէ խմբի վերաբերյալոր կարելի  լինի այդ պնդումը «մասնավորապես» բառով մասնավորեցնել խմբի որևէ անդամի նկատմամբԱսենք՝ «Համերգի մասնակիցները շատ էին հուզվելմասնավորապես (առանձնապեսհատկապեսմանավանդ և այլներգչուհին»: Իսկ Բաքուն Անկարայի մասնավոր դեպքը չէ:


ՍԽԱԼ է. «Ես չունեմ նույնիսկ փոքրագույն արարքորի համար ես կկանգնեի մեր ժողովրդի առջև»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ոչ թե «չունեմ», այլ «չեմ կատարել», «թույլ չեմ տվել», և ոչ թե «կկանգնեի», այլ «կանգնեի», եթե նույնիսկ հասկանանք, թե ինչ է նշանակում «կանգնել ժողովրդի առջև»:
ՍԽԱԼ է. «Քննադատում էր որոշումներըեթե նրանք համարում էր սխալական»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ «նրանք»-ը սովորական ռուսաբանություն է. պետք է լիներ «դրանք»: Իսկ «սխալական»-ը արտասովոր ռուսաբանություն է: Ռուսերենում կա ошибка գոյականը և դրանից կազմված ошибочный ածականը, հայերենում կա «սխալ» գոյականը, որը նաև ածական է ошибочный իմաստով, բայց չկա այս ռուսերեն բառին համարժեք ածանցյալը: Եվ ահա խնդրեմ՝ «սխալական»: Իսկ հայերենում սխալական կարող է լինել մարդը, բայց ոչ որոշումը, որը լինում է սխալ:




ՍԽԱԼ է.  «Ինչպես օրենք, սկսեց փոխարինողների կազմով»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ռուսերենի как-ը հայերեն թարգմանվում է և՛ «ինչպես»՝ համեմատության դեպքում, և՛ «որպես», «իբրև»՝ նույնացման դեպքում: Այստեղ պետք է լիներ «որպես օրենք»:

ՍԽԱԼ է.  «Մինչև 25 միլիոն դոլարի հասնող այդ վարկը կստորագրվի Լոնդոնում»:
 ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Վարկը ոչ մի կերպ հնարավոր չէ ստորագրել, ուրեմն Լոնդոնում ստիպված կստորագրեն վարկի վերաբերյալ համաձայնագիրը: Բացի դրանից, հայերենում, ի  տարբերություն ռուսերենի, վարկը 25 միլիոնի է հասնում առանց «մինչև»-ի:

ՍԽԱԼ է. «Եկամուտների տեսակետից առաջատար դերը գրավելով…»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Դերը խաղում են կամ կատարում, իսկ գրավում են տեղը:


ՍԽԱԼ է. «Ժողովուրդների միջև համագործակցությունը»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Միջև»-ն ավելորդ է:

ՍԽԱԼ է. «Աշխատեք ավարտել ձեր գործերը արևամուտի նախօրեին»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Հեշտ է նկատել, որ «նախօրե» բառը կազմված է «նախ» և «օր» բաղադրիչներից և նշանակում է` մի բանին նախորդող օր, նախօրյակ: Արևամուտը, որ տեղի է ունենում ամեն օր, չի կարող նախօրե ունենալ: Փոխարենը հարմար էր ասել` «նախքան արևամուտը», «արևամուտից առաջ», «մինչ արևամուտը»:


ՍԽԱԼ է. «Ազգաբնակչության ունեցած ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը չի բացառում նմանատիպ ողբերգությունների կրկնությունը»: 
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Ունենալն» արդեն ենթադրում է «առկայություն»: Կրկնությունից խուսափելու համար կարելի է շարադրել, օրինակ, այսպես. «Ազգաբնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը չի բացառում նմանատիպ ողբերգությունների կրկնությունը»:

ՍԽԱԼ է.  «Ծնվել եմ Լիբանան»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Սա կիսաարևելահայերեն և կիսաարևմտահայերեն է: Քանի որ նյութը շարադրված է արևելահայերենով, ապա պետք է լիներ`«Ծնվել եմ Լիբանանում» (արևմտահայերենով` «ծնած եմ Լիբանան»):



ՍԽԱԼ. «Ժողովուրդը գտնվում է նյութական շատ ծանր կացության առաջ...:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
«Գտնվում է»-ն ենթադրում է ֆիզիկական իմաստով որևէ վայրում, որևէ բանի մեջ (դաշտում, ձորում, շրջափակման մեջ և այլն) լինելը: Այստեղ այն ավելորդ է: «Կացության առաջ» նշանակում է, որ առաջիկայում, ապագայում ժողովրդին սպասում է ծանր կացություն, մինչդեռ խոսքը ներկայի մասին է: Ուստի պետք է լիներ` «Ժողովուրդը նյութական ծանր կացության մեջ է»:
 

 
ՍԽԱԼ.
«Ի շնորհիվ նախարարի ճիգերի...»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
«Ի շնորհիվ»-ի փոխարեն պետք է լիներ «շնորհիվ» (առանց «ի»-ի):



ՍԽԱԼ. «Դրա համար մեծ շնորհակալություն այն բոլոր դերասաններին...»:  
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Մեծ շնորհակալություն» հայտնում են, օրինակ, ռուսները. այդ նրանց գործն է: Հայոց լեզվամտածողությամբ շնորհակալությունը մեծ կամ փոքր լինել չի կարող: Ելույթ ունեցողը կամ «շատ շնորհակալություն» պետք է հայտներ, կամ «խորին շնորհակալություն»:


ՍԽԱԼ. Խոսքը գնում է այն մասին, որ այդպես վարվելով, մենք չենք նպաստի ներդրումների աճին:

ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ռուսաբանություն է: Ռուսերենում идти, ходить բառերը յուրահատուկ իմաստ և կիրառություն ունեն՝ «ընթացքի մեջ լինել», «տեղի ունենալ» առումներով: Ռուսերենում ճիշտ է речь идет արտահայտությունը: Հայերենում սխալ է, հայերենում՝ «խոսք է լինում»: Տվյալ նախադասության մեջ պետք է ուղղակի գրել. «Խոսքն այն մասին է, որ…»: Այսկերպ խոսողներին պաշտպանողներն անմիջապես հիշում են Թումանյանին. «Խոսքս, տեսեք, ո՞ւր է գնում, Քաջ որսկանի գյուլլի պես»: Բայց այստեղ բոլորովին այլ իմաստով է կիրառված բառը, պատկերավոր արտահայտություն է, և, իրոք, ցույց է տալիս, որ խոսքը գնում հասնում է որևէ տեղ, այսինչին կամ այնինչին:



ՍԽԱԼ. Երևանում սրճարանների կառուցման աշխատանքներն սկսվեցին այս քաղաքապետի օրոք և շարունակվեցին թափ առնել:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞նչն է այստեղ սխալ: Թողնենք այն բանը, որ Երևանի կենտրոնը խամ ու խոպանի տեղ դրեցին և սկսեցին բետոնապատել այգիները: Խոսքը դրա մասին չէ: Այս նախադասության մեջ մի ավելորդ վ կա, որը շատ է խանգարում, թույլ չի տալիս, որ նախադասությունը ճիշտ լինի. դա շարունակվեցին բառի վ-ն է: Ուրեմն, պետք է լիներ. «Երևանում սրճարանների կառուցման աշխատանքներն սկսվեցին այս քաղաքապետի օրոք և շարունակեցին թափ առնել»:



ՍԽԱԼ. Կիթառի տակ կատարելով մի քանի երգեր, ստանում էի 14 ֆունտ ստերլինգ:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Խոսքը մկների կամ միջատների մասին չէ, որ կարող են հայտնվել կիթառի, դաշնամուրի, կամ, ասենք, երգեհոնի տակ, այլ երգչի մասին է, որ երգում է կիթառի նվագակցությամբ: Իսկ անգլիական դրամի անունը հայերեն գրվում է ստեռլինգ` ռ-ով:


ՍԽԱԼ. «Այդ հարթավայրը հնում հանդիսացել է որպես ձիարշավարան»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այստեղ երկու սխալ կա. «որպես»-ը բոլորովին ավելորդ է, սխալ է գործածված, «հանդիսացել է»-ն էլ բոլորովին շինծու ոճ է: Պարզապես պետք է ասվեր. «Այդ հարթավայրը հնում եղել է ձիարշավարան»: Ի՞նչ վատ է:


ՍԽԱԼ.  «Հենց առաջին իսկ ցատկում նա ցույց տվեց բարձր արդյունք»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Պետք է լիներ կա՛մ «հենց առաջին», կա՛մ «առաջին իսկ»: Երկուսը միասին բառերի չարդարացված շռայլություն է, նույնաբանություն, «տակավին դեռ» նույնաբանության նման:  

ՍԽԱԼ. Հեռուստատեսությամբ մեզ առաջարկում են. «Ամբողջ ցերեկվա տևողության ընթացքում վայելիր տոնական ծրագիրը»:
 ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  Մի կերպ կարող ենք «վայելել ծրագիրը», բայց չենք կարող «վայելել ցերեկվա տևողության ընթացքում»: Մի՞թե «ցերեկվա տևողության ընթացքումը» նույնը չէ, ինչ որ «ցերեկվա ընթացքում»-ը: Ընդ որում, «ընթացքում»-ն էլ կարող էր չլինել: Պարզապես կարելի էր ասել՝ «Ամբողջ ցերեկը վայելիր»:

ՍԽԱԼ.  «Մարզադաշտի սակավաթիվ լինելը (18 հազար) չի համապատասխանում օլիմպիադայի գլխավոր խաղի կարգավիճակին»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  Պարզ է, որ պետք է լիներ «մարզադաշտի նստատեղերի սակավաթիվ լինելը»: Սա լեզվազգացողության պակասի ոչ սակավաթիվ օրինակներից է:

ՍԽԱԼ. «Վրաստանի դեսպանատունը գտնվում է Արամի փողոցի վրա»։
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ճիշտը «փողոցում» ձևն է։


ՍԽԱԼ. «Այդ օրը ոչ մի որս չխփնվեց, և նրանք դափ-դատարկ վերադարձան տուն»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Խփնվել» ձևը սխալ է, պետք է լիներ՝ «խփվեց»: Ընդհանրապես «խփնվել» ձև գոյություն չունի:


ՍԽԱԼ. «Բարի առավոտ»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ամեն անգամ առավոտյան այսպես է դիմում հաղորդավարն իր ունկնդիրներին: Բայց ինչո՞ւ ոչ՝ «բարի լույս», այլ «բարի առավոտ», չէ՞ որ վերջինը բացահայտ ռուսաբանություն է: Չենք կարծում, թե այդ հաղորդավարն ինքն առավոտյան իր ընկերոջը տեսնելիս ասում է՝ բարի առավոտ: Ուրեմն ռադիոյով էլ չպիտի ասի: «Բարի լույս, բարի օր, բարի երեկո, բարի գիշեր» շարքում վերջին երեքը համընկնում են ռուսերենի հետ, բայց առաջինը չի համընկնում, և կարիք չկա համընկեցնելու:

ՍԽԱԼ. «Բացի հիվանդանոցի շահերը, գլխավոր բժիշկն այլ շահեր չունի»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Այս նախադասության մեջ «բացի» կապի կողքին գրված «շահերը» բառը սխալ ձևով է գործածված: Պետք է լիներ՝ «բացի շահերից»: Չենք ասում, չէ՞, «հարևանները բացի», ասում ենք «հարևաններից բացի», «նրանից բացի» և այլն: «Բացի» բառը պահանջում է բացառական հոլով:

Комментариев нет:

Отправить комментарий